Ամենը, ինչ պետք է իմանալ հեշթեգերի մասին և ոչ միայն…

0
3671

Աշխարհում 4 միլիարդից ավել մարդ օգտվում է ինտերնետից, իսկ 3 միլիարդից ավելը` սոցիալական ցանցերից: Այսօր սոցիալական ցանցերը պոտենցիալ հաճախորդների վրա ազդելու լավագույն հարթակներն են: Շատ բիզնեսներ արդեն շահույթ են ստանում` հաջողությամբ առաջխաղացնելով ապրանքներն ու ծառայությունները սոց. ցանցերում: Իսկ է՞լ ինչ կարելի է անել` SMM-ը բարելավելու և ավելի գրավիչ դարձնելու համար։ Շատ մարքեթոլոգներ բավարար ուշադրություն չեն դարձնում մի կարևոր «խաղանիշի» վրա՝ հեշթեգի։

Հեշթեգը մետատվյալների թեգ է կամ միկրոբլոգային ծառայության հիմնաբառ, որն հաճախ օգտագործվում է սոցիալական ցանցերի հարթակներում, ինչպիսիք են Twitter-ը, Instagram-ը, Facebook-ը, Pinterest-ը և այլն: Այն օգնում է դասակարգել կոնտենտը և հեշտացնում է նմանատիպ թեմաներով այլ հաղորդագրությունների որոնումը: Նշագրելով իրենց հաղորդագրությունները հեշթեգով` ցանցի օգտատերերը պիտակավորում են դրանք և հնարավորություն են տալիս ուրիշ օգտատերերին որոնման միջոցով գտնել թեմատիկ տեղեկատվությունը` գրառման մեջ բառասկզբում ավելացնելով «#»: Եթե բառն սկսվի այդ նիշով, ապա այն ավտոմատ կերպով կդառնա հղում:

Առաջին անգամ հեշթեգերը օգտագործվել են IRC ցանցերում՝ թեմաները և խմբերը նշելու համար։ Պիտակավորման այդ հնարքը եկել է Twitter-ից 2007 թվականին և արագ տարածվել մյուս սոցիալական ցանցերում։ «Հեշթեգերի հայր» է համարվում Քրիս Մեսսինան, ով առաջին անգամ իր Twitter-ի միկրոբլոգում առաջարկել է օգտագործել վանդականիշն այն բառերից առաջ, որոնք կմիավորեն իրենց հաղորդագրությունը նմանատիպ այլ հաղորդագրությունների հետ:

Քրիս Մեսսինա. մարդ, ով «հեղափոխեց» սոցիալական մեդիան` ստեղծելով #հեշթեգը

Ինչպե՞ս օգտվել հեշթեգերից սոցիալական ցանցերում

Հեշթեգն օգտակար և պետքական ինտերնետ մարքեթինգի գործիք է սոցիալական ցանցերում աշխատելու համար: Հասկանալով, թե ինչպես ճիշտ տեղադրել հեշթեգը՝ կարելի է մեծ լսարան ընդգրկել, հեշտությամբ կարգավորել տեղեկատվությունը խմբերում և պոտենցիալ մեծացնել Ձեր էջերի հաճախելիությունը: Հեշթեգերը պարզեցնում են պետքական տեղեկատվության որոնումը գրառումների անվերջանալի հոսքում և օգնում ուղղորդել ուշադրությունն ապրանքանիշին։ Հեշթեգերով որոնումը նաև հնարավորություն է տալիս ուսումնասիրել շուկան, նախքան սոցիալական ցանցերում գովազդային արշավների պլանավորումը:

Հեշթեգի թեմատիկան կարող է վերաբերվել ցանկացած բնագավառի՝ գաղափարների, իրադարձությունների, մարդկանց, երկրների, ծրագրերի, ընկերությունների և այլն: Յուրաքանչյուր օգտատեր կարող է հորինել իր սեփական հեշթեգը, այդուհանդերձ, մինչ այդ խորհուրդ է տրվում ստուգել այդ թեմայի տարբեր, սովորաբար օգտագործվող տարբերակը, որը պատրաստվում է լուսաբանվել։ Բանն այն է, որ թեկուզ մեկ նիշի տարբերությունը դարձնում է հեշթեգերը տարբեր, ինչը նշանակում է, որ քլիք անելով մեկի վրա, հնարավոր չի լինի տեսնել գրառումները՝ կապված երկրորդի հետ։

Որպես հեշթեգի առանձնահատկություններ նշեմ հետևյալները` ընդգծել հաղորդագրության հիմնական միտքը` օգտագործելով հիմնաբառեր, խմբավորել տեղեկություններն ըստ թեմաների, ապահովել արագ որոնում հետաքրքրող թեմաներով, մեծացնել հրապարկման ներգրավածությունը մի քանի անգամ:

Ինչպե՞ս ճիշտ գրել հեշթեգը

  • Հեշթեգը կարող է գրվել ինչպես լատիներեն, այնպես էլ՝ հայերեն կամ ռուսերեն (#marketing, #մարքեթինգ, #маркетинг)։
  • Բառը, որը պատրաստվում եք օգտագործել իբրև հեշթեգ, պետք է հաջորդի վանդականիշին և չունենա բաց միջակայք:
  • Կետադրական նշաններից հեշթեգերում կիրառելի է միայն ներքևի գծիկ «_» նշանը: Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ մյուս նշանների կիրառության դեպքում ակտիվ է լինում հեշթեգից մինչև նշան հատվածն ընկած տառերը (#որոնողական_համակարգեր):
  • Եթե անհրաժեշտ է oգտագործել որպես հեշթեգ որևէ բառակապակցություն կամ արտահայտություն, ապա այս դեպքում կամ պետք է այն գրել միասնաբար (#ԹվայինՄարքեթինգ), կամ բառերի միջև օգտագործել ներքևի գծիկ «_» նշանը (#թվային_մարքեթինգ):
  • Մի քանի հեշթեգերի կիրառության դեպքում դրանք պետք է բացատով կամ ստորակետով առանձնացվեն միմյանցից, այլապես ակտիվ կլինի միայն առաջին բառը (#վաճառքներ #կոնտենտ, #smm)։
  • Աշխատեք հեշթեգը գրել լակոնիկ և հեշտ ընթերցվող, քանի որ շատ երկարներն անարդյունավետ են։

Հեշթեգերի օգտագործման կանոնները

  • Հեշթեգերը կարող են դրվել տեքստի ցանկացած մասում (սկզբում, հաղորդագրության ներսում, վերջում):
  • Vkontakte-ի և Facebook-ի համար ավելի հարմար է օգտագործել հեշթեգերը գրառման վերջում, իսկ ահա Twitter-ում այն ​​համարվում է հարմար, եթե հեշթեգը դրվի հաղորդագրության մեջ (280 նիշի սահմանափակումների պատճառով):
  • Հեշթեգն օգտակար գործիք է, բայց չպետք է այն չարաշահել: Ավելի լավ է, եթե այն կարճ է (10-15 նիշ):
  • Twitter-ում խորհուրդ չի տրվում օգտագործել ավելի քան 3 հեշթեգ, որպեսզի թվիթը ընթեռնելի լինի։
  • Մի օգտագործեք ընդհանուր բառեր, որոնք շատ տարածված են. ամենայն հավանականությամբ, Ձեր հաղորդագրությունը պարզապես կկորչի տեղեկատվական ալիքի ընդհանուր հոսքի մեջ:

Հեշթեգերի տիպերը

Քչերը գիտեն, թե` ինչպես հեշթեգերն օգտագործել ավելի շատ ուշադրություն և հետևորդներ ձեռք բերելու համար: Եվ այսպես. մարդիկ փնտրում են տեղեկատվություն՝ օգտագործելով տարբեր հեշթեգեր։ Իսկ ի՞նչ պետք է անի բիզնեսը, որ բարձրացնի ճանաչելիությունը։ Փորձագետներն ունեն համակարգային մոտեցում այս հարցին և բաժանում են հեշթեգերն ըստ տիպերի՝

  • Ընդհանուր հեշթեգեր

Այս տիպը հասարակ միջոց է առանձնացնել հիմնաբառերը, դասակարգել կոնտենտը և դարձնել այն ավելի մատչելի: Այս բառերը չեն օգտագործվում Ձեր ապրանքանիշն ու մարքեթինգային նպատակները սահմանելու համար: Ավելացրեք հեշթեգեր, որոնք կապ ունեն հենց կոնտենտի հետ և մարդիկ կգտնեն Ձեր իսկ հաղորդագրություններն իրենց հետաքրքրող թեմաների որոնման ժամանակ: Այդ քայլը երկարաժամկետ տրաֆիկ կբերի նաև Ձեր կայք։ Ինչպե՞ս գտնել ամեն մի կոնտենտի համար կատարյալ հիմնաբառեր. SEO գործիքներն, ինչպիսիք են Google Keyword Planner, Ahrefs, Serpstat, Key Collector և այլն, գերազանց իրագործում են այս առաջադրանքը:

  • Բրենդային հեշթեգեր

Սա բրենդի խթանման ամենակարևոր նրբությունն է և նրա ստորագրություն է սոցիալական ցանցերում: Բրենդային հեշթեգը պետք է լինի յուրահատուկ Ձեր բիզնեսի համար: Սա եզակի համադրություն է, որը նախկինում չի օգտագործվել կամ` օգտագործվել է շատ սահմանափակ քանակությամբ: Այն օգնում է ամրապնդել Ձեր անհատականությունը և ուշադրություն հրավիրել իր նորամուծությամբ։ Օրինակ, եթե Դուք զբաղվում եք ինչ-որ անսովոր ապրանքների արտադրությամբ, ապա կարող եք ընդհանուր գործունեությունից կամ դրանց անվանումներից հեշթեգ ստեղծել, որն անձամբ Ձերը կլինի և կանհատականացնի բրենդը:

Կարգախոսը որպես հեշթեգ օգտագործելը նույնպես շատ արդյունավետ է: Այն աշխատելու համար ստեղծեք այնպիսի կարգախոս, որը մարդիկ կարողանան հեշտությամբ հիշել և նույնիսկ՝ օգտագործել առօրյա կյանքում: Օրինակ, Nike-ը ստեղծեց «#JustDoIt» ապրանքանիշի կարգախոսը։ Շնորհիվ հիանալի առաջխաղացման` այս արտահայտությունը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց։ Այս հեշթեգն օգտագործվում է ոչ միայն Nike հագուստ գնելիս, այլև` մարդկանց, իրենց կյանքի դժվարին պահերի մասին խոսելիս։ Հիշելով այդ արտահայտությունը` մենք ենթագիտակցաբար մտածում ենք Nike-ի մասին։

  • Գովազդային արշավների հեշթեգեր

Նոր գովազդային արշավի մեկնարկից առաջ ստեղծեք հեշթեգ՝ օգտագործելով անվանումը։ Բառը կամ արտահայտությունը պետք է լինեն եզակի և հեշտ հիշվող։ Պարտադիր ստուգեք, որ ուրիշ մեկն այդ հեշթեգը սոց. ցանցերում հիշատակած չլինի։ Ձեր լսարանը ներգրավելու համար Դուք նույնիսկ կարող եք խնդրել նրանց մտածել ընթացիկ քարոզարշավի հեշթեգի մասին։ Հայտարարեք ինչ-որ շահում հաղթողի համար և կտեսնեք․ պատրա՞ստ է արդյոք Ձեր լսարանը երկխոսության, թե՞ հետադարձ կապի համար դեռ պետք է աշխատանք տանել։

Եվս մի գաղափար հետադարձ կապ և հղումներ ստանալու համար․ ֆլեշմոբ, կամ մրցույթ կազմակերպեք։ Օրինակ` կարող եք լսարանին առաջարկել թեմայի վերաբերյալ տեքստ, լուսանկար կամ տեսանյութ հրապարակել: Մասնակիցը պետք է տեղադրի այն` օգտագործելով գովազդային արշավի հեշթեգը, ինչպես նաև` Ձեր կայքին հղում անի: Ամենից առաջ, այս արշավը միավորում է Ձեր հաճախորդներին, շնորհիվ որի` կարող եք ստանալ ավելի շատ հետադարձ հղումներ և ներգրավել նոր, պոտենցիալ հաճախորդներ:

  • Բովանդակային հեշթեգեր

Ինչպես անվանումն է ենթադրում, այս հեշթեգերը ձևավորվում են անմիջապես լուսանկարի համատեքստից: Եթե ​​բնության մեջ եք, ապա տեղին է նիշերը տեղադրել #բնություն #մաքուր_օդ #արևային_տրամադրություն #գարուն2019 #գնանքԴիլիջան և այլն: Այստեղ ներկայացված է աստիճանավորումն ըստ հաճախականության։ Առաջին երկուսով կարճ ժամանակահատվածում կարելի է լայն լսարան ներգրավել, երրորդով կարելի է ավելի կայուն թրենդ ձեռք բերել, չորրորդով շեշտադրում անել ժամանակահատվածին, իսկ վերջինը, լավ կարգավորման դեպքում, կարող է դառնալ Ձեր ֆիրմային թեգը կամ վիրտուալ ֆլեշմոբի մեկնարկային կետը:

  • Թրենդային հեշթեգեր

Գրառումների մասսայականությունը բարձրացնելու և դրանց առաջխաղացման համար օգտակար են թրենդային տարբեր թեգեր, որոնք կապված են օրացուցային տոների, հայտնի իրադարձությունների հետ։ Համոզվեք, որ թեգը տեղին է օգտագործվում, հակառակ դեպքում օգտատերերին դրանք չեն հետաքրքրի և պարզապես կդառնան անիմաստ սպամ:

  • Գտնվելու վայր (լոկացիա)

Թեգերի միջոցով կարելի է շատ հետաքրքիր և բովանդակային ձևով ներկայացնել Ձեր գտնվելու աշխարհագրական վայրը։ Ավելին, սա շատ լավ լուծում է այնպիսի ​​դեպքերում, երբ Ձեր գտնվելու տեղը, ասենք, վերաբերում է ժամանակավոր միջոցառման վայրին կամ քարտեզում չնշված որևէ հաստատության:

Նման թեգերն օգնում են գովազդել տեղերը՝ խանութներ, սրճարաններ, ցուցահանդեսներ։ Տեղավայրը հիմնական բնութագրիչներից մեկն է, որի միջոցով նույնականացվում են դրվագներ կյանքից, ուստի գտնվելու վայրը և նրա բազմաբովանդակ նկարագրությունն աննկատ չեն մնա։

Հեշթեգերի կիրառությունը սոցիալական ցանցերում

Հեշթեգերով աշխատելու հնարավորություն են ընձեռնում մի շարք սոցիալական ցանցեր, մասնավորապես` Twitter, Facebook, LinkedIn, VKontakte, Instagram, Pinterest, Vimeo, YouTube, Flickr, Tout, Tumblr, Orkut, Fetchnotes։

Անդրադառնանք վերոնշյալներից մի քանիսին` ըստ օգտագործման նպատակների`

Հեշթեգերը Twitter-ում

Հեշթեգն առաջին անգամ օգտագործվեց Twitter-ում `որպես հարմար միջոց թվիթների դասակարգման հարմար: Օրինակ` եթե թվիթը պարունակում է #marketing հեշթեգը ապա այդ բառը կդառնա հղում և Ձեր թվիթը կհայտնվի որոնման արդյունքների ցանկում։ Նշագրելով Ձեր թվիթն հեշթեգերով ըստ վիճակագրության` Դուք 2 անգամ ավելացնում եք օգտատերերի ներգրավվածությունը դեպի Ձեր թվիթ։

Գոյություն ունեն Twitter-ում հեշթեգեր գրելու մի քանի համընդհանուր սկզբունքներ․

  • Հեշթեգի օպտիմալ երկարությունը – ոչ ավելի քան 8 նիշ, առավելագույնը`10: Այս պահանջն ամենաարդիականն է` հաշվի առնելով մեկ գրառման համար 280 նիշի սահմանափակումները:
  • Հեշթեգը պետք է լինի հեշտ հասկանալի։ Օպտիմալ է, եթե այն բաղկացած է սովորական բառից, իր ուղղակի իմաստով կամ հայտնի հապավումից:
  • Հեշթեգերը կարող են ներառել մի քանի բառ, սակայն նրանք, որոնք կազմված են 3 կամ ավելի բառերից, շատ դեպքերում հանրընդունելի չեն կամ` դրանց ավելի կարճ անալոգները կան:
  • Լավագույնը կլինի, եթե հեշթեգի իմաստային ծանրաբեռնվածությունը թույլ տա օգտագործել այն թեմատիկ գրառման բառերից մեկի փոխարեն։

Հեշթեգերի միակ թերությունը դրանց օգտագործման պարզությունն է՝ նպատակ ունենալով գրառմանն առաջխաղացնել։ Միևնույն ժամանակ Twitter-ը, լինելով տարածված, բավականին հաճախ թարմացվում է, որպեսզի սպամերը կամ սպամերների խումբը հնարավորություն չունենան լցնել ողջ լրահոսը կեղծ գրառումներով, թեկուզ` մի ինչ-որ հեշթեգի առումով։

Հեշթեգերն Instagram-ում

Instagram-ում այս գործիքի կիրառումն իսկական անկաշկանդություն է հեշթեգի սիրահարների համար։ Այստեղ հենց հեշթեգերի օգնությամբ է տեղի ունենում լուսանկարի նկարագրությունը և նրա առաջխաղացումը: Հեշթեգերի միջոցով Դուք կարող եք հետևել տվյալ պահին տեղի ունեցող միջոցառումներին. այցելուները լուսանկարներ են անում, հոլովակներ են նկարում և անմիջապես ներբեռնում դրանք իրենց էջ, ինչպես նաև՝ Live հեռարձակումներ են իրականացնում։

Ծառայությունը թույլ է տալիս Instagram-ում ավելացնել մինչև 30 հեշթեգ մի նկարին և մինչև 10 հեշթեգ story-ին: Չնայած այս թույլատրելի սահմաններին` խորհուրդ չի տրվում այն ​​ամբողջությամբ օգտագործել, քանի որ Instagram-ի որոնման ալգորիթմները համարում են, որ թեգերով լեցուն հրապարակումները stump-ներ են։ Այլընտրանքային մեթոդ է թեգերի տեղաբաշխումը մեկնաբանություններում։ Այդպես, լուսանկարի նկարագրությունը կլինի հակիրճ և մաքուր, իսկ օգտատերերը դրանք կգտնեն թեգերով։

Instagram-ում 10 ամենաշատ կիրառվող հեշթեգերն` ըստ Hubspot-ի վերլուծության. #love, #instagood, #me, #cute, #tbt, #photooftheday, #instamood,, #iphonesia, #food, #motivation:

Հեշթեգերը Vkontakte-ում

Պլատֆորմի ներսում թեմատիկ բաժանման հետ մեկտեղ, խմբերի հետ աշխատելիս, հարմար է օգտվել Vkontakte-ի հեշթեգերից, որպեսզի հաղորդագրությունները տեսակավորվեն և զետեղվեն սյունյակներում։ Այդ կերպ Դուք օգնում եք Ձեր այցելուներին հեշտորեն գտնել անհրաժեշտ տեղեկությունները։ Խորագրի համար պարզապես հորինեք ունիկալ հեշթեգ և նշեք պետքական հաղորդագրությունները։

Հեշթեգերը Facebook-ում

Հեշթեգերը Facebook-ում ավելի ուշ են սկսել գործարկվել` 2013 թվականի կեսերից, և ինչպես Vkontakte-ում, Facebook-ում ևս հեշթեգերն օգնում են կարգավորել բովանդակության ժամանակագրությունը։ Այստեղ ևս, քլիք անելով հեշթեգին, Դուք մուտք եք գործում ըստ հարցման որոնման արդյունքների բաժին և կարողանում տեսնել փնտրված հեշթեգն ըստ նկարների, վիդեոների, խմբերի, էջերի, գտնվելու վայրի, միջոցառումների և այլն։ Կարելի է հեշթեգերով որոնումն օգտագործել որպես ընկերության մասին կարծիքների մոնիթորինգ՝ ժամանակին մեկնաբանություններին արձագանքելու համար:

Հեշթեգերը LinkedIn-ում

Հեշթեգերը LinkedIn-ում սկսել են օգտագործվել 2018 թվականից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ LinkedIn-ը մասնագիտական հարթակ է համարվում և այստեղ այլ սոց. ցանցերում թրենդային համարվող հեշթեգերը կարող են անարդյունավետ լինել: LinkedIn-ում հեշթեգերը պետք է կիրառվեն ըստ հրապարկված թեմայի բովանդակության, որոնց միջոցով կարող ենք արժանանալ մասնագետների ուշադրությանն ու արժանահավատությանը:

LinkedIn-ում 10 ամենաշատ կիրառվող հեշթեգերն` ըստ Hootsuite-ի վերլուծության. #Mindfulness, #Creativity, #Leadership, #Innovation, #Management, #Motivation, #Tips, #Productivity, #Careers, #GettingThingsDone:

Ստորև ներկայացնում եմ գործիքներ, որոնք կօգնեն Ձեր ապրանքի առաջխաղացման համար հեշթեգերին հետևելու և վերլուծության հարցում`

Brand24-ը հնարավորություն է տալիս իրական ժամանակում իրազեկ լինել տարբեր սոցիալական ցանցերում Ձեզ անհրաժեշտ հեշթեգի հիշատակումներին: Կարող եք գնահատել ինֆլյուենսերների ներուժը, վերլուծել սպառողների տրամադրությունները, ինչպես նաև՝ արձագանքել անմիջապես հաճախորդների հաղորդագրություններին:

Mention-ը սոցիալական ցանցերի մոնիթորինգի գործիքակազմ է, որն իրական ժամանակում հետևում է հեշթեգերին: Դուք կարող եք աշխատել օնլայն, կամ ստանալ ամենօրյա հաշվետվություններ նախորդ օրվա հեշթեգերի մասին:

Social Studio-ն սոցիալական ցանցերի մոնիթորինգի և վերլուծության գործիքների շարք է, որը հատկապես արդյունավետ է հեշթեգերին հետևելու համար: Հարթակի գործիքների օգնությամբ կարելի է տեղեկատվություն ստանալ սոցիալական ցանցերում հաշվառական գրառումների վերաբերյալ, որպեսզի պատկերացում կազմվի, թե` ինչպե՞ս է լսարանը համագործակցում տարբեր հարթակներում հեշթեգի հետ:

Brandwatch-ն օգնում է հետևել սոցիալական ցանցերում հիշատակումներին․ գրառումների վերաբերյալ ընդհանուր մեկնաբանություններից մինչև կոնկրետ խոսակցությունների, օրինակ՝ բողոքների: Այստեղ հնարավոր է հեշտությամբ կարգավորել մոնիթորինգի վահանակը` հետևելու համար հեշթեգերին։

Sysomos-ն օգնում է որոնել հեշթեգեր, տեսանելի դարձնել անալիտիկան, դիտել իրական ժամանակում բրենդի քննարկումները: Գործիքը ստուգում է բոլոր սոցիալական ցանցերի հարթակները, հայտնի բլոգներն ու տվյալների ստացման լրատվական միջոցները:

Talkwalker-ը հետևում է սոցիալական ցանցերի հարթակներում, նորությունների պորտալներում, բլոգներում և ֆորումներում օգտագործվող հեշթեգերին։ Այն ընդգրկում է 150 միլիոն կայք, տասնյակ լեզուներ, տարբեր ալիքներ, այդ թվում՝ հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ:

Հեշթեգերը կարող են շատ օգտակար լինել սոցիալական մարքեթինգի ռազմավարության բարելավման համար սոցիալական ցանցերում: Չմոռանանք, որ հեշթեգերի հետ հեշտ է չափազանց շատ ջանք թափելը. մի նյարդայնացրեք բաժանորդներին, օգտագործեք միայն նրանք, որոնք կապ ունեն Ձեր կոնտենտի հետ, ընտրեք ոչ հաճախական, բայց և հայտնի հեշթեգեր։ Որքան շատ նյութեր են զետեղված հեշթեգում, այնքան քիչ տեսանելի է Ձեր հաղորդագրությունը:

Եվ որպես վերջաբան ցանկանում եմ ավելացնել, որ Twitter-ը «նրանց» համար մուտք բացեց դեպի թվային աշխարհ, և եթե Դուք այսօր կարողանում եք «նրանց» միջոցով հավաքել լիդեր, ներգրավել ու մեծացնել լսարանը և կատարել վաճառքներ, ԺՊՏԱՑԵՔ Twitter բառը լսելիս:)