Բոլորը պատմում են, թե ինչպես օպտիմալացնել կամ «SEO անել» մեր կայքը, բայց քչերն են ասում, որ կան տեխնոլոգիաներ, որ ինչ-ինչ ձևով կարող են ազդել մեր կայքի որոնելիության ու աշխատանքի վրա։ Հիմա կկիսվեմ ձեզ հետ, թե ինչ է iFrame-ը, ինչպես է iFrame-ն ազդում SEO-ի վրա ու ինչ անենք, որ լավ լինի։

Սկսենք մի փոքրիկ, բայց շատ կարևոր կետով. ոչ թե «ս-է-օ», այլ «էս-ի-օ»։ Իսկ հիմա անցնենք բուն թեմային։

Ի՞նչ է iFrame-ը

iFrame-ը տեխնոլոգիա է, որը HTML ծրագրավորման լեզվի inline մասնիկ է և ինքնին բացվում է որպես Inline Frame կամ շրջանակ՝ շրջանակի մեջ (Frame within a Frame)։ Շատ է օգտագործվում վեբ դիզայնի (web design) համար։ Գիտեմ, շատ տեխնիկական էր։ Հիմա մեր լեզվով։

Այս կոդի մասնիկի միջոցով, դուք կարող եք ցանկացած արտաքին քոնթենթ՝ վիդեո, այլ կայքի նյութ, նկար, արտաքին գովազդ և ավելին, տեղադրել ձեր կայքում։ Վերևում տեղադրված հարցումը, որը Swift Polling կայքի միջոցով է պատրաստված և սպասում է Ձեր պատասխանին, նույնպես հայտնվել է այս նյութում iFrame-ի օգնությամբ։

Թեպետ iFrame-ը կոդի մասնիկ է, նրան պետք է վերաբերել որպես քոնթենթ։ Այն լրացնում է այն նյութը, ինչի մասին խոսում ենք մեր կայքում։ Չի ազդում մեր կայքի կառուցվածքի վրա և չի պահանջում խորը ծրագրավորման գիտելիք՝ կիրառելու համար։

Քանի որ iFrame-ը գործ ունի քոնթենթի հետ, այդ պատճառով էլ ուսումնասիրելու ենք, թե ինչպես է այն ազդում SEO-ի վրա։

Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես օգտագործել iFrame-ը HTML-ով աշխատելիս, կարող եք այցելել այս կայքը։

Հարկ է նշել, որ չի կարելի ագահորեն iFrame օգտագործել, քանի որ այն ունի երկու հիմնական ռիսկ.

  • Կարող է դանդաղեցնել էջը
  • Կարող է անվտանգության ռիսկ առաջացնել օգտվողների համար։ Եթե այն կայքը, որին հղում եք iFrame-ի միջոցով, ապահով չէ, ապա այն կարող է վիռուսակիր լինել ձեր կայքից օգտվողների համակարգիչների համար։
Ինչպես է iFrame-ն ազդում SEO-ի վրա

Ինչպե՞ս է iFrame-ն ազդում SEO-ի վրա

Պատկերացում կազմելով, թե ինչպես է աշխատում այս տեխնոլոգիան, եկեք հասկանանք, թե ինչպես է iFrame-ն ազդում SEO-ի վրա ։ Քանի որ մենք արդեն իսկ հրատարակված քոնթենթը տեղադրում ենք մեր կայքում, արդյոք Google-ը մեզ չի՞ պատժի կրկնակի քոնթենթի համար (duplicate content) և մեր քայլը չի դիտարկի որպես փորձ՝ իրեն «հիմարեցնելու» (cloaking

Եթե օգտագործում ենք կրկնակի տեքստ, ապա պետք է օգտագործել canonical tag՝ Google-ին զգուշացնելու համար, որ այդ տեքստն արդեն իսկ հրատարակված է այլ կայքում։ Սակայն, քանի որ iFrame-ն ինֆորմացիան բերում է որպես շրջանակի մեջ դրված քաղվածք, ապա այդ նյութը մեր կայքում որպես գրվածք չի դիտարկվում։ Հետևաբար, կրկնակի քոնթենթի խնդիր չունենք։

Ինչ վերաբերում է Google-ին «հիմարեցնելուն», ապա, երբ ցանցի սարդերը (web spiders) գալիս են նայելու, թե ինչ կա մեր էջում, տեսնում են, որ iFrame կոդի մեջ զետեղված է հղում դեպի այն կայք, որտեղից բերում ենք արտաքին քոնթենթը։ Հետևաբար, այստեղ ևս խնդիր չկա, և մենք մեր ազնիվ հարաբերությունները պահում ենք Google-ի հետ ու նրանից պատժվելու խնդրի առաջ չենք կանգնում։

Ամփոփելով վերը նշված բոլոր կետերը՝ պարզ է դառնում մի բան. iFrame-ը ոչ մի կերպ չի ազդում կայքի SEO-ի վրա։ Այն դիտարկվում է որպես մի շրջանակ, որը, տեխնիկապես, մեր ստեղծած քոնթենթի մաս չի համարվում։ Վեբի սարդերը չեն կարդում և չեն ինդեքսավորում HTML կոդի այս հատվածը։

Ինչպե՞ս օպտիմալացնել iFrame պարունակող կայքերը

Այս հարցն ունի մի կարճ պատասխան՝ այնպես, ինչպես կօպտիմալացնեիք կայքը առանց iFrame քոնթենթի։

Իմացեք ավելին, թե ինչպես հաջողության հասնել Google-ում, կառուցել արդյունավետ հղումներ և ստուգել կայքի արդյունավետությունը որոնողական համակարգերում՝՝ օգտագործելով Google Search Console գործիքը։