9 հետաքրքիր գաղափար Instagram-ում հրապարակումների համար

0
2838


Ինստագրամը շատ բրենդների համար դարձել է մեծ ներգրավվածության հարթակ և աղբյուր: Այդպես կոսմետիկ միջոցներ արտադրող կազմակերպությունները ունենում են միջինում 56 797 դիտում: Այս թիվն ավելի տպավորիչ է, քան` 1988 (Facebook) և 366 (Twitter) թվերը միասին վերցրած: Մրցակցությունը գնալով շատանում է, իսկ Դուք չգիտեք, թե ի՞նչ նոր կրեատիվներ կիրառել` նոր օգտատերեր ներգրավելու համար: 

Միասին ուսումնասիրենք մեր կողմից առանձնացված 9 հետաքրքիր գաղափարներ, որոնք կկարողանաք օգտագործել  հրապարակումների համար Instagram հարթակում և ստանալ ներգրավվածության բարձր ցուցանիշ: 

1. Ապրանքի նկարագիրը

Սիրեք Ձեր պրոդուկտը և կարևորեք այն: Մանրամասն ուսումնասիրեք և փորձեք առավել լավ ներկայացնել պրոդուկտի առավելությունները: Ստեղծեք ասոցիացիաներ առօրյա կյանքում տեղի ունեցող երևույթների հետ: Եթե կարողանաք հետաքրքրություն առաջացնել բրենդային ոճով՝ ձեռք կբերեք նաև մշտական հաճախորդներ: Օգտագործեք Instagram-ը կազմակերպության փորձը ներկայացնելու համար: Օրինակ՝ NASA-ն միացրեց 3 նկարները մեկում և ստացավ լուսնի խավարման պատկերը: Այս հնարքի արդյունքում շատերն սկսեցին ավելի հստակ պատկերացնել այդ երևույթը:  

2. Ինֆլյուենսերների հետ համագործակցություն

Փորձեք հայտնի անձնավորությունների և ինֆլյուենսերների հետ համագործակցությունների ճանապարհներ գտնել: Օրինակ՝ հայտնի Nike ընկերությունը համագործակություններ հաստատեց հայտնի ֆուտբոլիստներից շատերի հետ, որի արդյուքում զգալիորեն բարձրացրեց բրենդի ճանաչելիությունը համաշխարհային մակարդակով: Ինֆլյուենսերների հետ համագործակցությունը վերջերս է թրենդային դարձել, և Դուք ևս հնարավորություն ունեք օգտագործելու այս միջոցը հավելյալ ներգրավվածություն ունենալու համար։ Փորձեք առավելագույնս ներգրավել այնպիսի բլոգեր/ինֆլյուենսերների, որոնց մատուցած կոնտենտը Ձեր ոլորտին ավելի հարիր է: 

3. Մեմեր և իլյուստրացիաներ

Մեմերը շատ ակտուալ են վերջին ժամանակներում: Փորձեք օգտագործել առավել ակտուալ մեմեր, իսկ եթե ուզում եք տարբերվել՝ ինքներդ ստեղծեք մեմ, որն ակտուալ կդառնա և կտարածվի օրգանական ճանապարհով: Մեմ կարող է լինել ցանկացած մեջբերում, գաղափար, սիմվոլ կամ ուղղակի նկար: Մեմերը կարող են լինել և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ: Երկարաժամկետ են համարվում այն մեմերը, որոնք պահպանում են իրենց ակտուալությունը երկար ժամանակ: Իսկ կարճաժամկետներն ստեղծվում են ըստ իրավիճակի և տվյալ ժամանակահատվածում թրենդային և ակտուալ դարձած թեմաների: Այն նաև կարող է լինել մոտիվացնող ու դեմոտիվացնող: Մեծ տարածում ունեն նաև ֆիլմերից և մուլտֆիլմերից վերցված կադրերը, որոնք օգտագործվում են որպես զվարճալի մեմ: 

Իլյուստրացիաները նույնպես ակտուալ են. դրանք լայնորեն կիրառվում են տարբեր բնագավառներում: Ստեղծեք հենց Ձեր բնագավառը բնորոշող իլյուստրացիա, որը կհետաքրքրի նաև բնագավառի մասնագետներին:  Գրառումն այս ֆորմատի հրապարակման համար շատ կարևոր է. եթե նույնիսկ օգտատերը չհասկանա կամ սխալ հասկանա իլյուստրացիայի գլխավոր իմաստը՝ գրառումը կօգնի ավելի հստակ պատկերացնել հրապարակման գլխավոր նպատակը և իմաստը:  

4. Ուղիղ հեռարձակումներ (Live)

Հաճախ իրականացրեք ուղիղ հեռարձակումներ: Հետաքրքիր տարբերակ է փորձարկումը: Հեռարձակումը դիտելն ավելի հետաքրքիր է, երբ նույնիսկ կազմակերպիչները չգիտեն, թե ինչպես այն կավարտվի։ Փորձարկեք պրոդուկտի դիմացկունությունը կամ էլ կազմակերպեք մրցույթներ աշխատակիցների միջև։ Կամ ուղղակի ցուցադրեք, թե ինչպես է աշխատում տվյալ պրոդուկտը։ Հասարակ է թվում, բայց շատ արդյունավետ է աշխատում։ 

Այս գործիքով շատ արդյունավետ են աշխատում նաև վիկտորինաները. կազմակերպեք վիկտորինաներ և հետևորդներին տվեք բրենդի հետ կապված հարցեր։ Ճիշտ պատասխանների դեպքում խրախուսեք ցանկացած նվերով։ 

Ուղիղ հեռարձակման ժամանակ կարող եք հետաքրքիր և օգտակար հարցազրույց անցկացնել։ Ձեր հյուրը կարող է լինել հայտնի աստղ, գործընկեր կամ ուղղակի Ձեր հաճախորդներից մեկը։ 

Կազմակերպում ե՞ք միջոցառումներ։ Կիսվեք Ձեր փորձով հետևորդների հետ։ Նրանք միանգամից կասեն, թե՝ ի՞նչն է իրենց համար կարևոր և կկսիվեն իրենց տպավորություններով։ Հեռարձակման ժամանակ կարող եք նաև նվերներ խաղարկել: 

5. Հաճախորդներ և օգտատիրական կոնտենտ (UGC)

Արժևորեք Ձեր հետևորդներին: Յուրաքանչյուր հետևորդ Ձեզ համար պետք է մեծ արժեք ներկայացնի իրենից: Ամեն հաճախորդ, մտնելով և թողնելով էջում իր կարծիքը (review), ի պատասխան` ակնկալում է մեծ ուշադրություն Ձեր կողմից: Հաճախորդը կարող է գրել և՛ լավ, և՛ վատ կարծիք: Դա բնական է, քանի որ պրոդուկտը չի կարող բոլորի համար լինել լավը: Նույնիսկ վատ կարծիքին հարկավոր է պատասխանել` փորձելով մաքսիմալ կերպով կառավարել բացասականը: Արժևորեք նույնիսկ ամենադժգոհ հաճախորդի կարծիքը և դարձնել նրան գոհունակ: Հաճախորդներից 10-ը կարող են գոհ մնալ մատուցվող ծառայություններից, և, հաճախ, մենք չենք նկատում այն եզակի դժգոհ հաճախորդին, ում պատճառով կարող ենք կորցնել ևս մի քանի պոտենցիալ հաճախորդների: 

Օգտագործեք օգտատերերի կոնտենտը որպես վստահություն առաջացնող գործիք: Օգտատերերի 73% հավաստում են, որ հենց այդպիսի կոնտենտն է ստիպել իրենց վերջնական գնում կատարել: 

6. Հիշողություններ և փորձ

Ոչ շատ հաճախ, բայց կարող եք հրապարակել հիշողություններ: Օրինակ՝ պատմեք, թե ինչպես ստեղծվեց բրենդը, և ինչ ճանապարհով Դուք հասաք հաջողության: Կարող եք նաև հրապարակել տարիների ընթացքում կազմակերպված միջոցառումներից նկարներ: Յուրաքանչյուրին հետաքրքիր կլինի կարդալ այն ձախողումների և խոչընդոտների մասին, որոնց Դուք հանդիպել եք հաջողության հասնելու ճանապարհին: Կարող եք նաև խնդրել օգտատերերին, որպեսզի նրանք նույնպես կիսվեն իրենց փորձով կամ ուղղակի գրեն իրենց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ: 

Կարևոր է հիշել, որ պետք չէ բացահայտել կազմակերպության հաջողության գլխավոր գրավականը: 

7. Հեշթեգեր

Հեշթեգն առաջին անգամ կիրառվել է Twitter-ում: Այն շատ օգտակար մարքեթինգային գործիք է, որը կօգնի հրապարակման էլ ավելի արդյունավետ առաջաղացման համար: Այն կարող եք օգտագործել թե՛ հայերեն լեզվով, թե՛ լատիներեն: Հեշթեգերը կարող եք կիրառել ինչպես տեքստի վերջում, այնպես էլ` տեքստի սկզբում և միջնամասում: Vkontakte-ում և Facebook-ում խորհուրդ է տրվում հեշթեգերն օգտագործել գրառման վերջում, իսկ Twitter-ում՝ հաղորդագրության մեջ: Ստեղծեք ունիկալ  բրենդային #հեշթեգ և միջոցներ ձեռնարկեք վերջինիս տարածման համար: Facebook հարթակում ցանկալի է օգտագործել 3-4, իսկ Instagram-ում՝ մինչև 30 հեշթեգ: Twitter-ում հեշթեգերն այնքան էլ տարածված չեն. այս հարթակում խորհուրդ է տրվում օգտագործել 3 հեշթեգից ոչ ավել: Նաև կարող եք օգտագործել կարգախոսը որպես հեշթեգ. փորձեք այն ձևակերպել կարճ և պարզ: Աշխատեք խուսափել 3-ից ավել բառեր պարունակող հեշթեգերից:

Ամենակարևորը պետք է հիշել, որ պետք չէ չարաշահել #հեշթեգի գործածությունը: 

8. Ինֆոգրաֆիկաներ

Ինֆոգրաֆիկան համարվում է կատարյալ տարբերակ ինֆորմացիան ավելի պարզ և հստակ փոխանցելու համար: Այն կարող է պարունակել և՛ թվեր, և՛ հետաքրքիր փաստեր: Ինֆոգրաֆիկայի դիզայնը նույնպես շատ կարևոր է: Եթե նոր դիզայն ստեղծելու հնարավորություն չունեք, կարող եք օգտվել պատրաստի շաբլոններից: Նաև կարող եք օգտագործել հետաքրքիր վիճակագրություններ, որոնք վերջերս մեծ տարածում են գտել: Հետաքրքիր տարբերակ է նաև ինֆոգրաֆիկաների միջոցով բաղադրատոմսեր ներկայացնելը: Խրախուսելի է նաև պրոդուկտի շահավետությա և առավելությունների վիզուալ ներկայացումը: Ինֆոգրաֆիկան ստիպում է ավելի մանրամասն ուսումնասիրել պրոդուկտը և դրա դետալները: Այն կարող է ինչ-որ գործողություն նկարագրող սցենար լինել: Այս ֆորմատի հրապարակումներում խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ տեքստեր: 

Հետաքրքիր տարբերակ է նաև ինֆոգրաֆիկաների միջոցով ներկայացվող խաղերը, կամ թեստերը: Այս դեպքում հրապարակումների ներգրավվածության ցուցանիշը ավելի կբարձրանա: 

9. Ակցիաներ, զեղչեր և թարմացումներ

Ակցիաների և զեղչերի օգնությամբ կարելի է ստեղծել արդյունավետ ներգրավվածության համակարգ:  Նաև կարող եք տրամադրել պրոմո կոդեր, որոնց շնորհիվ Ձեր հետևորդները կկարողանան օգտվել պրոդուկտների համար գործող զեղչային համակարգերից: Կարևոր է հիշել, որ հարկավոր է սահմանել վերջնաժամկետ, որը շատերի մոտ հնարավորությունը բաց թողնելու վախ կառաջացնի: Այս երևույթը կոչվում է՝ FOMO (Fear of missing out): 

Կարևոր է հիշել, որ ակցիաների և զեղչերի հաճախակի տրադրումը շատ հեշտ կարող է արժեզրկել Ձեր պրոդուկտը: Այդ պատճառով փորձեք ավելի զգույշ լինել նման հրապարակումների անելիս: Կարող եք զեղչերը կապել ինչ-որ միջազգային միջոցառումների հետ:      

Մի մոռացեք պարբերաբար տեղեկացնել Ձեր հետևորդներին պրոդուկտի թարմացումների մասին: Միգուցե շատերն սպասում էին հենց այդ թարմացմանը: Այդպիսով կարող եք հետևորդներին օգնել հեշտորեն ընտելանալ նոր գործիքակազմին կամ հնարավորություններին: Կարող եք նաև հետաքրքիր ձևաչափով տարբերությունը ներկայացնել պրոդուկտի հին և նոր ֆունկցիաների միջև:

Այս նոր գաղափարների տարափից կարող եք արդեն իսկ առանձնացնել հենց Ձեր կոնտենտին համապատասխանները: Կոնտենտի հաճախակի թարմացումն ամենաճիշտ մարքեթինգային ռազմավարությունն է: