Ինչպե՞ս բարձրացնել Բրենդի Ճանաչելիությունը [Մասնագետների Կարծիքներ]

0
1736

Բրենդի ճանաչելիությունը բարձրացնելը բրենդի զարգացման ամենակարևոր քայլերից մեկն է։ Ի՞նչ ռազմավարություններ կարելի է կիրառել լավ արդյունքներ գրանցելու համար։

Եկեք տեսնենք, թե ինչ ռազմավարություններ են կիրառում մեր մասնագետները։

1. Տիգրան Մկրտչյան, Ucom, Medium

Quora-ով փորձել եմ Եվրոպայում գտնվող մի բրենդի ճանաչելիությունը բարձրացնել բոլգի հրապարակումների միջոցով: Ընկերության բլոգում արել եմ հրապարակումներ, որտեղ խորհուրդներ (tips, how-to, DIY) էին ընկերության փորձագետներից: Այդ հրապարակումները FB գովազդի միջոցով տեսնում էին թիրախային լսարանի օգտատերերը: 3–4 նման հրապարակումներից հետո, թիրախային լսարանը (նաև remarketing-ի միջոցով) տեսնում էր արդեն պաստառի (banner) տեսքով ծառայությունից օգտվելու առաջարկ:

Զուգահեռ օգտագործել եմ նաև Google Search Ads: Արդյունքները չափել եմ այս գործիքներով՝ MOZ, Google Analytics, Hotjar, Google Console, Yandex Metrics.

Ամբողջ տրամաբանությունը հետևյալն էր. ընկերությունը դիրքավորել որպես ոլորտում փորձագետ, այնուհետև կոնվերսիա ապահովել:

2. Սամվել Մարտիրոսյան, Banman.am

Ամենակարևորը հետաքրքիր բովանդակությունն է և դինամիկ փոփոխությունները։ Դրանց պետք է անընդհատ հետևել անալիտիկ գործիքներով։ Սոցիալական մեդիաներում լուծումների յուրահատկությունը այն է, որ երբեք բոլոր հարթակներում չի կարելի տեղադրել կլոնավորված բովանդակություն, այլ անհրաժեշտ է ամեն հարթակի համար ձևավորել բովանդակությունը՝ ըստ դրա յուրահատկությունների։

3. Սերգեյ Ուսնունց, Skill

2007–2014 թվականներին Telcell ընկերության առաջընթացի հիմքը դարձան դասական PR-ը և BTL-ը: Armenia Lottery-ի դեպքում 2014–2017 թվականներին այդ առաջընթացի համար հիմք ծառայեցին հեռուստատեսությամբ արձակվող խոշոր գովազդային արշավները և վաճառքի կետերում BTL-ը։

Skill.am-ի համար մենք կիրառել ենք SMM-ի, event-մարքեթինգի и PR տեխնոլոգիաների մի խառնուրդ։ Յուրաքանչյուր ընկերության համար անհրաժեշտ է մշակել սեփական ռազմավարությունը, քանի որ մարքեթինգում ունիվերսալ ռազմավարություններ գոյություն չունեն։

4. Սոնա Ավետիսյան, All.me digital network

Բրենդի ճանաչելիության, ինչպես նաև համբավի բարձրացման նպատակով կարելի է կիրառել շատ տարբեր մեթոդներ, սակայն ռազմավարության ընտրությունը կախված է հենց պրոդուկտից, շուկայի առանձնահատկությունից և մի շարք այլ հանգամանքներից:

Ընդհանուր առմամբ ես կառանձնացնեի բրենդի ճանաչելիության բարձրացման 2 ուղի.

1.Արագ, բայց ռիսկային

Կարճ ժամկետներում նկատելի արդյունք ունենալու համար կարելի է կիրառել հետևյալ մեթոդները՝ վիրուսային մարքեթինգ, ինֆլուենսեր մարքեթինգ (macro & mega influencers/ celebs), համացանցային ինտենսիվ գովազդ: Այս դեպքում ջանքերն ավելի քիչ են, սակայն կա վտանգ, որ ձեր բրենդի մասին ինֆորմացիան փոքր-ինչ հում կլինի և դժվարամարս: Ռիսկերի թվում են բրենդի ոչ ամբողջական ընկալումը և հետագա ֆրուստրացիան:

2. Դանդաղ և արդյունավետ

“Ծամել դնել բերանը” տարբերակով, երկարաժամկետ աշխատանքի միջոցով կարելի է հասնել բաղձալի արդյունքի: Անհրաժեշտ է կիրառել համալիր գործողություններ՝ կոնտենտ մարքեթինգ, PR արշավ (ցանկալի է CSR ծրագրի կիրառմամբ), SEO, օֆլայն մարքեթինգ և այլն: Այս դեպքում կպահանջվեն մարդկային, ժամանակային և ֆինանսային ավելի մեծ ռեսուրսներ:

Հ.գ. Որ ուղին էլ ընտրեք՝ ավանդական, թե նորարարական, կարճ, թե երկար, էժան, թե “ղեկավարության աչքը լույս”… բրենդին օդ ու ջրի պես պետք են կրեատիվ նոր մոտեցումներ ու իրենց գործի համար գժվող հավես թիմ:

5. Տիգրան Պետրոսյան, Startup Armenia Foundation

Մեր մշակած ռազմավարության մեջ առաջնային դեր ունի մարքեթինգը, մասնավորապես սոցիալական մեդիայում։ Մեր բոլոր նախագծերն ունեն սոցցանցերում իրենց էջերը, որոնցով ապահովվում է լսարանի հետ feedback (հետադարձ կապ), պարբերաբար տեղադրվում թիրախային լսարանի համար նախատեսված գովազդ։

Մեր բրենդի ճանաչելիությանը նպաստում է նաև մամուլի հետ ակտիվ կապը՝ մեյլինգի միջոցով, որն ավելացնում է մեր կողմից մշակված նախագծերի լուսաբանման հաճախությունը։ Կարևորում ենք մեր լոգոյի առկայությունն ու կիրառումը հնարավոր պարագաներում, քանի որ այն բրենդի ճանաչելիության գլխավոր գործոնն է։

6. Վարդան ՊապիկյանNeomedia

Ամենաարդյունավետ միջոցը, իմ փորձից ելնելով, եղել է և մնում է տարատեսակ միջոցառումներին մասնակցությունը՝ ինչպես սովորական մասնակցի, այնպես էլ ներկայացնողի/խոսնակի կարգավիճակում։ Այս եղանակն օգնում է անձնական շփման (նեթվորքինգ) միջոցով ճանաչելի դարձնել բրենդը՝ օգտագործելով մասնավոր շփումը:

Այս եղանակը սակայն ենթադրում է բրենդը ներկայացնող անձի մասնագիտական փորձն ու ոլորտի թրենդների մասին տեղեկացվածության մեծ բազա, ինչն էլ վերջին հաշվով ստեղծում է լսարանի/զրուցակցի մոտ վստահություն, ինչպես նաև հետաքրքրություն է առաջացնում ինչպես բրենդը ներկայացնող անձի, այնպես էլ հենց բրենդի նկատմամբ։

7. Աննա Սալոմե, Anna Salome

Եթե խոսենք Մարքեթինգը նորաձևության ոլորտում մաստեր-կլասից և Աննա Սալոմե բրենդից՝ որպես մասնագետի, ապա ռազմավարական տեսանկյունից ամենաէականը այստեղ եղել է նոր պրոդուկտ առաջարկելը: 
Դրա համար կատարվել է նպատակային լսարանի ուսումնասիրություն, նպատակների և խնդիրների սահմանում և հետո մշակվել են այդ լսարանի և բրենդի կոնտակտի բոլոր հնարավոր տարբերակները՝ սկսած արտաքին գովազդից մինչև influencer-ների ներգրավվածություն:

Բրենդի ճանաչելիության բարձրացման համար կոնտենտի հիմնական շեշտը կրել են «Նորաձևության մարքեթինգին վերաբերող ՄԻԱԿ մասթեր-կլասը Հայաստանում» և «նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմե» արտահայտությունները:

Մենք, գործ ունենալով իրականում խիստ առանձնահատուկ, բայց ոչ փոքր լսարանի հետ, նրանց որպես պոտենցիալ հաճախորդի խմբավորել ենք հետևյալ կերպ.

• Հաճախորդներ, ովքեր բացարձակ չէին ճանաչում ինձ
• Հաճախորդներ, ովքեր ճանաչում էին ինձ որպես մարքեթինգի մենեջերի, բայց գործունեության հստակ ոլորտ չգիտեին
• Հաճախորդներ, ովքեր գիտեին ինձ, որպես նորաձևության մարքեթինգի մասնագետ, բայց հետաքրքրված չէին իմ առաջարկած պրոդուկտով
• Հաճախորդներ, ովքեր լսել էին իմ մասին և փոքր-ինչ հետաքրքրված էին առաջարկով
• Հաճախորդներ, ովքեր ձեռք են բերել մաստեր-կլասի մասնակցության տոմս

Նպատակային լսարանի յուրաքանչյուր հատվածի համար բրենդի ճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով ընտրել ենք տարբեր գործիքներ: Ինձ որպես մարքեթինգի մասնագետի ներկայացնելու, իմ գործունեության ոլորտը՝ նորաձևությունը, հստակեցնելու նպատակով (առաջին երկու խմբերի ուշադրությունը գրավելու համար) կիրառել ենք արտաքին գովազդ, ռադիոգովազդ, SMM:

Ապա առաջարկի նկատմամբ հետաքրքրություն ձևավորել փորձել ենք նախ ոլորտի հեղինակությունների և direct առաջարկի միջոցով:

8. Էլիզաբեթ Քեշիշյան, ExciteMCIPR

Իմեիլ մարքեթինգը՝ համակցված աճի հաքերության հետ, բրենդի ճանաչելիության բարձրացման հենասյունային գործիքներից է։ Մենք կատարում ենք մտքերի գրոհներ, ինչպես նաև մտքի քարտեզագրում, որպեսզի հասկանանք, թե որ կայքերում են ժամանակ անցկացնում մեր պոտենցիալ հաճախորդները։

Այնուհետև ստեղծում ենք աճի հաքերության մի քանի ռազմավարություններ, որոնցով կարող ենք անձնականացված իմեիլներ ուղարկել այս անձանց՝ առանց խախտելու GDPR-ի օրենքները։

Յուրաքանչյուր նամակ ադապտացվում է մեր առկա սեգմենտների կարիքներին։ Այնուհետև, ամեն մի մասսայականորեն անձնականացված իմեիլ ուղարկվում է թիրախային սեգմենտին։

Պարտադիր պայման չէ, որ օգտատերերը ուղիղ նամակով հետ պատասխանեն ձեզ։ Ինչևէ, երբ նայում ենք ստատիստիկային, ապա տեսնում ենք, որ կայքի այցելությունների քանակն ու ուղարկված իմեիլների քանակը ուղիղ և դրական համեմատակն են։

Օրինակ, եթե 2000 նամակ ուղարկվել է Տորոնտո, ապա հաջորդ 2 օրվա այցելությունների մեծ մասը գալիս է Տորոնտոյից։

9. Տիգրան Հակոբյան, TruePublic (USA), SFL (Armenia)

TruePublic-ի համար ներկա պահին ակտիվ զբաղվում ենք բլոգի զարգացմամբ: Արդեն համաձայնություն ունենք մի քանի խոշոր Medium publication-ների հետ, որպեսզի այնտեղ կանոնավոր կերպով տեղադրենք մեր հոդվածները: Ուսումնասիրում ենք նաև այլ կայքերի հետ հյուրային հոդվածների հրապարակման հնարավորությունները:

Փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կտրվածքով դրանք կարող են շատ արդյունավետ լինել: Վերջին շաբաթների ընթացքում նաև շատ ակտիվ զբաղվում ենք PR գործողություններով, որոնց հաշվին ունենք արդեն 2 ծավալուն հարցազրույց ամերիկյան առաջատար ռադիոկայաններից մեկի հետ, իսկ մյուսը` ժանաչված բիզնես վիդեո բլոգներից մեկի հետ: Կարծում եմ մոտակա ամիսներին կշարունակենք ակտիվ կերպով զբաղվել այս ուղղություններով և ավելի ճանաչելի դարձնել բրենդը ամերիկյան շուկայում:

10. Ծովինար Սարգսյան, Marketers Community The First Business School In Armenia

Մարքեթինգը իրենով մի քանի փուլեր է անցել՝ արտադրության փուլ, երբ բոլորը կենտրոնանում էին առևտրի վրա, հետո եկավ առևտրի փուլը, երբ բոլորը կենտրոնանում էին սրա վրա, հետո եկավ վաճառքի դարաշրջանը, երբ սկսեցին կիրառել արդյունավետ վաճառքի կապուղիներ կիրառելու և գեներացնելու մեթոդներ։

Իսկ այժմ, մարքեթինգը թևափոխել է Փոխհարաբերությունների ճիշտ ձևավորման, կառավարման և պահպանման փուլ: Եվ անկախ նրանից թե դու ինչ հարթակում ես գործում՝ online թե offline շատ կարևոր է B2B՝ այսինքն քո գործընկերեներին, B2C` քո հաճախորդների հետ, B2G՝ պետական սեկտրի հետ գրագետ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորումը:

Նույնիսկ այս փուլում որպես այդպիսին վերացել է մրցակցություն գաղափարը, և ի հայտ է եկել՝ մրցակցել համագործակցելով, երբ նույնիսկ քո մրցակիցների հետ ճիշտ փոխհարաբերությունների կառուցումը շատ կարևոր է:

11. Աննա Հարությունյան, SFL

SFL-ի պարագայում բրենդը հենց ընկերությունն է որպես գործատու։ Մեր նպատակն է՝ հնարավորինս ավելի շատ տաղանդներ ներգրավել, իսկ դրա համար անհրաժեշտ ենք համարում ցույց տալ, թե ինչպիսի՞ հետաքրքիր պրոյեկտների վրա ենք աշխատում, ի՞նչ տեխնոլոգիաներ ենք կիրառում (tech stack), ինչպիսի՞ մասնագետներ ունենք, ինչպիսի՞ն է աշխատանքային միջավայրը և որո՞նք են ընկերության առաջարկած բենեֆիթները/առավելությունները։

Այս նպատակին հասնելու համար կիրառում ենք և’ օնլայն, և’ օֆլայն գործիքներ։

Օնլայնում փորձում ենք ստեղծել հետաքրքիր աուտենտիկ քոնթենթ, որը հիմնականում տարածում ենք սոցիալական մեդիաների մեր էջերի միջոցով, ինչպես նաև վարում ենք Մեդիում բլոգ, որտեղ պատմում ենք ընկերության ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կիսվում ենք մեր մասնագիտական փորձով (knowledge-sharing articles), պատմում ենք մեր մասին (employee stories)։ Իմիջիայլոց, վերջերս սկսել ենք վիդեոշարք. յուրաքանչյուր վիդեոն, որպես կանոն, նվիրված է որևէ աշխատակցի (employee stories/video version)։

Օֆլայնում նույնպես հնարավորինս ակտիվ ենք։ Սակայն կարևոր է, որ այդ ակտիվությունը նպատակային լինի և համապատասխանի ընկերության/բրենդի տեսլականին։ Օրինակ՝ մենք հանդիսանում ենք մի շարք ՏՏ միջոցառումների գործընկեր/ֆինանսավորող, մեր թիմակիցները հաճախ են իրենց փորձով կիսվում Բարքեմփի կամ ՏՏ այլ միջոցառումների/միթափների ընթացքում, մենք նաև մշտապես բաց ենք ընկերության տարածքում հյուրընկալել ոլորտի ներկայացուցիչներին կամ դրանով հետաքրքրվողներին։

12. Անի Ավագյան, Loft

«Լոֆթ»-ի պարագայում մենք աշխատում ենք ոչ ստանդարտ ձեւաչափով, այսինքն ռազմավարություն, որպես էդպիսին, չենք մշակում եւ պարբերաբար կիրառում ենք տարբեր մեթոդներ՝ բրենդի ճանաչելիությունը մեծացնելու միտումով։

Մեր հիմնական «գործիքը» ֆեյսբուքն է եւ ԶԼՄ-ի անդրադարձերը, որոնք թվով բավական շատ են։ Ճանաչելիությանը նպաստում են նաեւ հանրահայտ մարդիկ, որոնց մենք պարբերաբար հյուրընկալում ենք եւ կազմակերպում բաց, հասանելի հանդիպումներ՝ երիտասարդների հետ։

13. Արման Աթոյան, ARLOOPA

Ստեղծել լավ բովանդակություն, մենք համարյա օրգանիկ ենք կայացրել բրենդը, առանց գումարներ ծախսելու հոդվածների և գովազդների վրա։

Ուղակի միշտ արել ենք գժական աշխատանք, որը բերել է իր ադյունքը, երբ մարդիկ սիրում են բրենդը, իրենք են դառնում տարածողը, իսկ դա ամենաարդյունավետ եղանակն է բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար։

14. Օֆելյա Համբարձումյան, AMCG agency

Բրենդի ճանաչելիության «աղն ու հացը»

Սիրիր լսարանիդ այնպես, ինչպես կցանկանայիր լսարանդ սիրեր քեզ

Ագրեսիվ գովազդների և այդ գովազդների նկատմամբ օգտատերերի «դիմադրողականություն» ձեռք բերելու պատճառով համացանցում մարդիկ դարձել են առավել անտարբեր, նրանց ուշադրությունը գրավելն ու բրենդի հանդեպ լոյալություն ձևավորելը բիզնես սեփականատերերի համար դարձել է «պատիժ», իսկ առցանց առաջխաղացման մասնագետների համար «հաճելի» մարտահրավեր։ Ի՞նչ անել…

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ | Ավելի շատ տալ, քան պահանջել

Օգտատերերին ներգրավել ոչ թե բրենդը գովաբանելով ու անընդհատ բերնդի մասին խոսելով, այլ պատասխանելով մեկ պարզ հարցի` «Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ լսարանին»։ Օգնել թե՛ տեղեկատվական և թե՛դրական հույզեր պարգևելու միջոցով։ Անել ամեն բան, որպեսզի լսարանի հաղորդակցությունը բրեդնի հետ դրական զգացողություններ առաջացնի։

Ցանկացած պարագայում մարդն ընտրություն կատարելիս ենթագիտակցական մակարդակում ընտրում է այն բրենդը, որն իրեն ծանոթ է և որն իրեն օգնել է որևէ հարցում կամ/և դրական հույզ պարգևել։

Այս ռազմավարությունը արդյունավետ աշխատում է օրինակ Facebook Messenger-ում չաթբոտերի միջոցով, որը թույլ է տալիս ներգրավել մեծ թվով թիրախային լսարան, սեգմենտավորել նրանց ըստ հետաքրքրությունների կամ վարքագծի և աշխատել նրանց հետ առավել անհատականացված մոտեցմամբ` նպաստելով բրենդի ճանաչելիությանն ու բրենդի հանդեպ լոյալության ձևավորվանը։

Չաթբոտերի կիրառության դեպքում առաջարկում եմ հաշվի առնել մի քանի կարևորագույն կետ.

– Ցանկացած պարագայում հաղորդակցության համար միշտ ունենալ օգտատիրոջ գիտակցված համաձայնությունը,
– Առավել անկաշկանդ հաղորդակցության համար այն տեղափոխել փակ դաշտ (messenger), 
– Պահպանել անհատականացման չափավորությունը (որքան էլ հոգեբանորեն մարդն իր անունը սիրի` չաթից շատ օգտագործումը նեգատիվ զգացողություն կարող է առաջացնել), 
– Ավտոմատացումը կազմել լսարանի վարքագծի ուսումնասիրությունից հետո ( Նամակների ոճը, օգտագործվող բառերը, emoji-ները, կոճակների հաջորդականությունը և այլն.)

Եվ վերջում` բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով օգատկարություն տրամադրելիս պետք է ճիշտ ընտրել մատուցման ձևը` կախված թիրախային լսարանի տարիքից և վարքագծից. Օրինակ` X սերնդին օգտակար բովանդակություն տրամադրել առանց «ավելորդությունների», իսկ Y և Z սերունդներին հետաքրքրելու համար առավել արդյունավետ է կիրառել պարզեցված, տեխնոլոգիական և խաղային ֆոռմատը։

15. Տիգրան Մատինյան, DMS

Բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար, թերևս, ամենաարդյունավետ մեթոդը, որը կիրառել ենք, վիդեո բովանդակությունն է։ Դրա արդյունավետությունն զգացել ենք անմիջապես։

Խոսքը ոչ միայն վիդեո բլոգի մասին է (ինչը իհարկե շատ արդյունավետ է, սակայն ավելի ժամանակատար), այլև՝ վեբինարների։ DMS-ում մենք մի քանի անգամ փորձարկել ենք Live հարց ու պատասխանի ֆորմատը։ Մենք լսարանին հնարավորություն ենք տալիս նախապես ուղարկել մեզ հարցեր թվային մարքեթինգի վերաբերյալ, որոնց պատասխանում ենք սահմանված օրը՝ ուղիղ եթերում։ Արձագանքները հուսադրող են։

Բրենդի ճանաչելիության վրա մեծ ազդեցություն են ունենում նաև օֆլայն միջոցառումները՝ մասնավորապես #SocialEXPERT դասընթացը, բացի առանձին պրոդուկտ լինելուց, նաև մեծ դեր ունի DMS բրենդի ճանաչելիության համար։ Դասընթացի մասնակիցները դառնում են մեր բրենդ-ամբասադորները։

Հաջորդ կարևոր գործիքը, որը մշտապես կիրառում ենք, բլոգն է։ «Մատուցել օգտակար բովանդակություն — ստանալ բաժանորդագրություններ — պահպանել մշտական կապ — դրդել գործողության» շղթան աշխատում է անխափան։

Կան ոլորտներ, որտեղ լսարանը, բացի օգտակար բովանդակությունից, հետաքրքրվում է նաև նորություններով։ Ուստի կարևոր նորություններն առաջինը ներկայացնելն ու դրանք մեկնաբանելը նույնպես ազդում է բրենդի ճանաչելիության աճի վրա։

Եվ վերջապես՝ ինֆլուենսեր մարքեթինգը։ Ձեր թիրախային լսարանի մոտ հեղինակություն ունեցող անձանց հետ ճիշտ համագործակցելը կարող է մեծ դեր ունենալ ճանաչելիության մեծացման գործում։

16. Արտակ Հարությունյան, AMCG Agency, SMARTOLOGY

Բրենդի ճանաչելիությունն ըստ էության Բրենդի զարգացման գլոբալ ռազմավարության երկրորդ փուլն է`

– Ապրանքի կան ծառայության մասին ինֆորմացիա, դրա կարիքի(need) ստեղծում,
– Բրենդի կամ ծառայություն մատուցողի մասին ինֆորմացիա, տարբերակվող առանձնահատկության վրա շեշտադրություն,
– Լոյալ և ներգրավված հանրության ստեղծում, շահագործում,
-Լիդեր և վաճառքներ:

Այս 4 հիմնական փուլերից յուրաքանչյուրը, առանց վերին մակարդակում success ունենալու անցնել գրեթե հնարավոր չի: Ուստի ռազմավարության այդ փուլում գործողությունները`կախված պրոդուկտից, Բրենդի ոլորտից, ուղղակիորեն բխելու են նախորդ փուլերից:

Մանրամասնեմ օրինակով` սկզբից լվացք անելու պահանջմունքն էր և լվացքի փոշու կիրառության անհրաժեշտությունը, ապա Տայդն ու Արիելը, ապա լոյալ տանտիկիններն, ու վերջապես իրենց ամուսնուց Փեթակից Տայդ պահանջող հաճախորդը:)

Բրենդի ճանաչելիության բարձրացման համար կրիտիկական անհրաժեշտություն է իմանալ, ճանաչել հաճախորդին, հասկանալ նրա “ցավացող” կետերը, կոնտակտի դուրս գալ նրա հետ, որպես ընդհանուր “խնդիր” վերցնելով հենց այդ “ցավացող” կետերը, ստեղծել վստահելի ու օգտակար գործընկերոջ/ընկերոջ կերպար, անհատականացնել և լինել մարդու կողքին իրեն համար դժվար պահին: Ամենակարևորը այս փուլում մարդուն երբեք բացահայտ չվաճառել, չփորձել հավակնել նրա դրամապանակին, այլ կայուն տեղ գրավել նրա “գլխում”:

Մարդու “գլխում” կոդ, ինֆորմացիա տեղադրելու ենթատեքստում էլ պետք է ֆիքսել, որ ցանկացած ինֆո պետք է ունելա երկու անբաժան ու լիարժեք բաղկացուցիչ մասեր` ֆունկցիոնալ ու էմոցիոնալ: Դա երևալու լավագույն տարբերակներից է կոնտրաստը ցույց տալը: Փառանձեմն ու Թագուհին, ձվի կեսը օրբիտով մշակված, կեսը ոչ…և այլ օրինակներ:

Բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար խորհուրդ եմ տալիս ռազմավարության հետևյալ հաջորդականությունը, իհարկե հենց սկզբից էլ ֆիքսելով, որ Բրենդը, որի համար աշխատում եմ, իսկապես լավն է, ունի դրական տարբերակվող առանջնահատկություն ու մարդկանց օգնում է, նրանց համար արժեք ստեղծում `

– Հստակ ճանաչել թիրախին,
– Հասկանալ, ֆիքսել նրա “ցավը”,
– Ներկայանալ ընկերոջ/օգնականի կերպարով,
– Նրան ցույց տալ կոնտրաստը` էմոցիոնալ ու ֆունկցիոնալ մակարդակներում,
– Տալ գործողությությունների պլան/ուղղորդում,
– Հետամուտ լինել բավարարվածության մակարդակին,
– Գնահատել արդյունքը,
– Գոհ լինելու դեպքում կրկնել պրոցեսը,
– Գոհ չլինելու դեպքում….սա արդեն այլ թեմա է 🙂

Սկսեցինք! 🙂

17. Արա Օհանյան, Aragil Digital Marketing Agency

Անհատականացումը մարքեթինգ ռազմավարության պարտադիր մասնիկն է։ Մենք ամենաշատը կենտրոնանում ենք որակյալ բովանդակության վրա և մեր առջև դնում ենք նպատականեր, փորձում ենք շատ լավ հասկանալ լսարանին, սահմանում ենք բովանդակության տեսակները, ստեղծում ենք օրացույց։

Նաև օգտագործում ենք տարբեր մարքեթինգային գործիքներ։ Բացի այս ամենը, ձեր աշխատակիցները նույնպես կարող են խթանել բրենդի ճանաչելիության բարձրացմանը։ Այն կարող է դառնալ ձեր մարքեթինգային ռազմավարության մի մասը։

18. Անի Մկրտչյան, All.me

Բրենդի ճանաչելիության ամենաարդյունավետ ռազմավարությունը մի քանի ստրատեգիկ ուղիների միասին օգտագործումից է եղել։ Երբ կախված նրանից, թե ճանաչելիության որ փուլում է գտնվել buyer persona-ն ընտրվել են influencer marketing-ից մինչև հոդվածի, բլոգ փոստի, վիրուսային վիդեոյի կամ գովազդի կիրառում։

Ինքս, չնայած դեռ բախտ չեն ունեցել իմ պրակտիկայոմ կիրառելու, բայց բրենդի ճանաչողության բարձրացման ամենաարդյունավետ աղբյուր նաև վիրուսային արշավներն են, եթե իհարկե, բյուջե կա բավականաչափ։ Այդ դեպքում պետք կգա նույնիսկ արտաքին գովազդ և հեռուստատեսություն։

19. Գևորգ Սարգսյան, Plexonic

Մեր բրենդի ճանաչելիության բարձրացման նպատակը Հայաստանում այլ է, քան գլոբալ շուկայում: Հայաստանում մեր նպատակն է ստեղծել ճանաչելիություն ապագա աշխատակիցների ներգրավման համար: Գլոբալ շուկայում, նպատակը մեր խաղերի օգտատերերի մոտ բարձրորակ բովանդակությամբ խալերի ակնկալման կարծրատիպ ստեղծելն է: Դրա համար փորձում ենք կիսվել հետաքրքիր վիդեոներով ձայնագրված մեր խաղերում, և այլ նյութերով` հիմնված խաղերի հերոսների կամ այլ բովանդակության վրա:

20. Տիգրան Շիշմանյան, iNexxusթվային մարքեթինգի մասնագետ

Իրականում շատ ռազմավարություններ եմ փորձարկել, բայց ներկայումս Social Media-ի մեջ խորանալով, բերեմ հենց այդ օրինակը: Շատ կարևոր եմ համարում սոցիալական մեդիայի ճիշտ օգտագործումը բրենդի ճանաչման փուլում:

Որակյալ բովանդակությունը, մատուցման ձևը և Social Media գովազդների ճիշտ և տեղին օգտագործումը մեծ ճանաչում կարող է տալ բրենդին, հատկապես մեր երկրում, որտեղ մարդիկ շատ են կլանված սոցիալական ցանցերով: Եվ, իհարկե, ավանդական PR արշավներ: Ոչ միայն բրենդի, այլ նաև շատ այլ դեպքերում, երբ պետք է ինչ-որ ապրանք կամ ծառայություն գովազդել, միշտ փորձում եմ նախ և առաջ, այսպես ասած, մի լավ PR-ել այդ ապրանքը կամ ծառայությունը. ինչքան շատ լսարանաի կարողանաս հասցնես ուզածդ, այնքան ավելի հեշտ կլինի այն հետագայում ճանաչելի դարձնել:

Դե ինչ, հուսով եմ մեր մասնագետների կարծիքները կնպաստեն նրան, որպեսզի դուք կարողանաք նոր գաղափարներ գեներացնել ձեր բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։